16.3.12

Հերթական անգամ հետաձգվեց զինծառայողի սպանության գործով նշանակված դատական նիստը


2012թ մարտի 16-ին , ժամը 11.00-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի դատական շենքում նշանակված էր հերթական դատական նիստը:
Ըստ www.datalex.am տվյալների, Վազգեն Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով թիվ 49971 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի, 2-րդ դասակի 2-րդ ջոկի գնդացրորդ, կոչումով շարքային, 2010թ. հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի ընթացքում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները պարբերաբար ստորացրել է շարքային Վաղինակ Խոշբեկյանի պատիվն ու արժանապատվությունը, ենթարկելով նրան հալածանքի և հոգեբանական ճնշման:
2010թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 07.40-ի սահմաններում հացի փշրանքները հավաքելու շուրջ առաջացած վիճաբանության պատճառով, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, ժամը 07.50-ի սահմաններում ճաշարանից վերցրել է նույն դասակի հրամանատար` Արամ Սարգսյանին ամրագրված ապահովիչը մենահատ կրակոցի արձակման դիրքում գտնվող ԱԿ-74 տեսակի 4634125 համարի ինքնաձիգը, Վ.Խոշբեկյանին կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել նրա ուղղությամբ, որի հետևանքով կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր մարմնական վնասվածքից վերջինս տեղում մահացել է:
 2011թ հունիսի 28-ից սույն գործով մինչ այսօր կայացել է թվով 17 դատական նիստ:
,,ԻՏԵԿ,, ՀԿ-ի ներկայացուցիչները ,,Մեդիայի միջոցով արդար դատաքննություն,, ծրագրի շրջանակներում մասնակցել են հիշյալ դատական գործով նշանակված վերջին 3 դատական նիստերին, սակայն բոլոր դեպքերում նիստերը հետաձգվել են որևէ կողմի չներկայանալու պատճառով: Այս առումով մենք արդեն ներկայացրել էինք տուժողի իրավահաջորդի, սպանված զինծառայողի հոր մտահոգությունները…..
Պետք է նշել, որ նշանակված դատական նիստերի հետաձգումը որևէ կողմի, վկաների չներկայանալու պատճառով կարծես օրինաչափություն է: 

Խնդրո առարկա է նաև դատական նիստերի Ստեփանակերտում կայանալու հանգամանքը, թեպետ դրանք պաշտոնապես նշանակված են լինում Գորիսի դատարանում: Հիմնախնդրի վերաբերյալ ԻՏԵԿ ՀԿ-ն նամակ է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն, դատական դեպարտամենտ, բայց պատասխան կամ պարզաբանում դեռևս չկա: Թերևս խնդիրը ոչ թե ներքին կազմակերպչական է, այլ ավելի բարդ հարթության:



Եթե հավանեցիք, կիսվեք Ձեր ընկերների հետ,
կարող եք հավանել նաև մեր ֆեյսբուքյան էջը` RICNGO և տեղեկանալ կայքի թարմացումներին: