21.9.12

Հայաստանում տոն է՝ նշում ենք անկախության 21-րդ տարեդարձը


Այսօր` սեպտեմբերի 21-ին, հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:
1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:
Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.
Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է:
«Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն շնորհավորում է բոլորին Անկախության տոնի կապակցությամբ ու մաղթում, որ թե ներկա, թե հաջորդ սերունդները երբևէ չիմանան, թե ինչ է անկախություն չունենալը, այլ ապրեն օր օրի զարգացող ու հզոր Հայաստանում: