6.11.12

Թե ինչպես ծախսվեց 18.7 ՄԼՆ դոլարը

ՀՀ կառավարությունը գտնում է, գյուղացի ֆերմերները ուսման ծարավ ունեն և որ 18.7 ՄԼՆ դոլարը ծախսվել է արդյունավետ և դեռևս գյուղացի ֆերմերներին կրթելու դասընթացների պահանջարկ կա:
Հայրենի կառավարությունը այդ գումարներով 4 տարի կրթել է 81 709 ֆերմերների, /?/ բացատրել, թե ինչպիսի մշակաբույսեր ցանեն, որպեսզի ջրի վարձի գումարը կարողանան վճարել:
Մեջ բերում ՀՀ Ֆին.նախարարության տեղեկանքից.
,,…անհրաժեշտ էր տրամադրել համապատասխան գիտելիքներ և տեխնոլոգիաներ, որպեսզի ֆերմերները ցածրարժեք մշակաբույսերից անցում կատարեին դեպի առավել բարձրարժեք մշակաբույսերի արտադրությանը, որի շնորհիվ կբարձրանար ֆերմերների գյուղատնտեսական եկամուտը: Արդյունքում, ֆերմերները կկարողանային ապահովել եկամուտների աճ և ՋՕԸ-ին ժամանակին վճարելով ջրի դիմաց գանձվող վճարը` պահպանել այն ենթակառուցվածքները,,:
Ըստ տեղեկանքի, գումարները ծախսվել են հետևյալ ոլորտներում:
Ջրի ներտնտեսային կառավարում /ՋՆԿ/,-40%- 7,400,000 ԱՄՆ դոլար
Անցում բարձրարժեք գյուղատնտեսությանը /ԲԱԳ/, 25% - 4,625,000 ԱՄՆ դոլար
Հետբերքահավաքային վերամշակում և մարքեթինգ /ՀՎՄ/,20%-3,700,000 ԱՄՆ դոլար
Խորհրդատվություն ՀՄՀ-Հայաստանի վարկատուներին և վարկառուներին, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի տրամադրման համակարգի ստեղծում, 15%-2,775,000 ԱՄՆ դոլար
Բնապահպանություն և շրջակա միջավայրի պահպանում:

Եվ դեռ պարզվում է, որ մեր ֆերմերները ուսման մեծ ծարավ ունեն և նմանատիպ դասընթացների մեծ պահանջարկ կա:
Հատված ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկանքից.
,,..Հարկ է նշել, որ հանրապետությունում դեռեւս նկատվում է վերոհիշյալ դասընթացների պահանջարկ: Դրա վկայությունն են վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից նույն ձևաչափով իրականացված դասընթացները, որոնց մասնակցել է ավելի քան 150 ֆերմեր: Այս դեպքում վճարողը հանդիսացել է ինքը՝ ֆերմերը: Նախատեսվում է առաջիկայում նույնպես անցկացնել նմանատիպ դասընթացներ՝ համաձայն ֆերմերների կողմից ներկայացված հայտերի,,:
Եթե առաջիկայում պարզվի, որ 20 ՄԼՆ դոլարով մեր գյուղացիներին սովորացրել են, թե գերանդին ինչպես պետք է սրել` ավել շատ խոտ հնձելու համար, զարմանալ պետք չէ: