11.10.13

ՀԿ-ի հայտարարությունը Գորիսի համայնքային իշխանությունների կողմից կազմակերպության նկատմամբ ցուցաբերած անհավասար մոտեցման վերաբերյալ


Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում Գորիսի համայնքային իշխանություների գործելաոճում նկատելի անհանդուրժողականության և իբրև թե ,,օրինակության,, շրջանակներում թաքցրած քինախնդրության վերաբերյալ:

ՀԿ-ն իր առաքելության շրջանակներում բարձրաձայնում է Գորիսում առկա մարդու իրավունքների և օրենքի գերակայության խնդիրների մասին և շարունակելու է բարձրաձայնել, ինչի հետևանքով նկատելի է համայնքային իշխանությունների արձագանքը` իշխանական լծակների օգտագործման դրսևորմամբ:

Մասնավորապես,

Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն ներկայումս, որպես գրասենյակ 2005թ-ից վարձակալական հիմունքներով օգտագործում է Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող Մաշտոցի թիվ 3 մասնաշենքի 3-րդ հարկի 18 ք.մ տարածքը, որն իր միջոցներով վերանորոգել է և բավական պարտաճանաչ մուծում է նախատեսված վարձավճարը:

2013թ Գորիսի համայնքային իշխանությունների առաջարկով այդ շենքում գրասենյակ ունեցող բոլոր վարձակալներին առաջարկվել է տարածքի վարձակալման համար նոր դիմում գրել, որպեսզի նոր վարձակալան պայմանագիրը վավերացվի նոտարի կողմից: Բացառության կարգով Գորիսի համայնքի ղեկավարը տվյալ շենքում գրասենակ զբաղեցնողներից մերժել է միայն Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի դիմումը` պատճառաբանելով, որ առաջնահերթ բավարարվում են միայն համայնքային ենթակայության, պետական կազմակերպությունների գրասենյակային կարիքները: Այնինչ, դրան զուգահեռ, Գորիսի համայնքի ղեկավարը ընդունում է որոշումներ տարբեր ՍՊԸ-ներին, կազմակերպություններին տարածք տրամադրելու մասին,,որոնք չեն հանդիսանում համայնքային ենթակայության կամ պետական կառույցներ:

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝

Հայտարարում ենք.
  • Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ն կաշկանդված չէ Գորիսի քաղաքապետի որոշումներով, գրասենյակային տարածքի վարձակալման մերժումով պայմանավորված չի կարող լինել ՀԿ-ի գործունեության խոչընդոտումը, սակայն ահազանգում ենք այն իրավիճակի մասին, որ առկա է Գորիսում: Նշված հանգամանքը փաստում է Գորիսում խոսքի ազատության սահմանափակման, խտրականության դրսևորման և հասարակությունը յուրայինների և ոչ յուրայինների բաժանման մասին:
  • Գորիսի համայնքային իշխանությունների նման արձագանքը պայմանավորված է միայն ՀԿ-ի իրավապաշտպան գործունեությամբ, մասնավորապես ֆեյսբուք սոցիալական տիրույթում ստեղծված և ակտիվ գործող ,,Ազատ Գորիս,, խմբում ծավալվող քննարկումներով, ՀԿ-ի կայքում պարբերաբար հրատարակվող և Գորիսի համայնքային իշխանունություների գործունեությանը անդրադառնող, բյուջեի ծախսերի թափանցիկությանը և նմանատիպ այլ հարցերին անդրադառնող բացահայտումներով:
  • Գորիսի համայնքային իշխանությունների գործունեությունը մշտապես լինելու է ՀԿ-ի և քաղաքացիների ուշադրության կենտրոնում: Այսուհետ ևս բարձրաձայնելու ենք Գորիսում առկա խնդիրների լուծման անհրաժեշտության մասին:
Կոչ ենք անում Գորիսում ապրող ազատ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին

Երբեք չնահանջել մեր հարազատ Գորիսում օրինականության, օրենքի գերակայության, միայն ազատ և մրցակցային ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման, արդարության հաստատման բավական դժվար, բայց և արդարացի պայքարում:

Արժե հիշել ֆաշիստների զոհ դարձած քահանա Նիմոլերի խոսքերը.

,,Նախ նրանք եկան հրեաների հետեւից եւ ես ձայն չհանեցի, որովհետեւ հրեա չէի: Հետո եկան կոմունիստների հետեւից ու ես ձայն չհանեցի, որովհետեւ կոմունիստ չէի: Հետո նրանք եկան արհմիության անդամների հետեւից ու ես դարձյալ ձայն չհանեցի, որովհետեւ ես արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ հետեւից այլեւս մարդ չէր մնացել, որ ինձ համար ձայն հաներ,,: