16.10.13

Սյունիքի մարզի տասնյակ հասարակական կազմակերպությունների գնահատականը «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի նկատմամբ ցուցաբերված խտրական մոտեցման վերաբերյալ

«Համայնքային զարգացման աջակցության ցանցի» և Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի մարզային կենտրոնի գնահատականը Գորիսի համայնքային իշխանությունների կողմից «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի նկատմամբ ցուցաբերված խտրական մոտեցման վերաբերյալ

«Համայնքային զարգացման աջակցության ցանցը»/ՀԶԱՑ (ձևավորված Սյունիքի մարզի Գորիսի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում ակտիվ հասարակական գործունեություն ծավալող 29 ՀԿ-ից) և Մարդու իրավունքների պաշտպանության/ՄԻՊ Սյունիքի մարզի կենտրոնը(ձևավորված Սյունիքի մարզի 19 ՀԿ-ից) իրենց մտահոգությունն են հայտնում Գորիսի համայնքային իշխանություների կողմից «Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ-ի նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի նկատմամբ:

«Իրավունքների տեղեկատվական կենտրոն»/ ԻՏԵԿ ՀԿ-ն իրավապաշտպան-խորհրդատվական հասարակական կազմակերպություն է, որը պաշտոնապես գրանցվել և ակտիվ գործունեություն է ծավալում 2000 թ-ից: ՀԿ-ի առաքելությունն է «Օգնել մարդկանց իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները»: Իր գործունեության ընթացքում, համագործակցելով միջազգային հեղինակավոր տարբեր կազմակերպությունների հետ, ՀԿ-ն հաջողությամբ իրականցրել է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանն ու համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծմանը:


ԻՏԵԿ ՀԿ-ն 2005թ-ից վարձակալական հիմունքներով օգտագործում է Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող Մաշտոցի թիվ 3 մասնաշենքի 3-րդ հարկի 18 քմ տարածքը, որն իր միջոցներով վերանորոգել է և պարտաճանաչ կերպով մուծել է նախատեսված վարձավճարն անցած 8 տարվա ընթացքում:

2013թ. սեպտեմբերի սկզբին Գորիսի համայնքային իշխանությունների առաջարկով այդ շենքում գրասենյակ ունեցող բոլոր վարձակալներին առաջարկվել է տարածքի վարձակալման համար նոր դիմում գրել, որպեսզի նոր վարձակալման պայմանագիրը վավերացվի նոտարի կողմից: Բացառության կարգով Գորիսի համայնքի ղեկավարը տվյալ շենքում գրասենյակ զբաղեցնողներից մերժել է միայն «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի դիմումը` պատճառաբանելով, որ առաջնահերթ բավարարվում են միայն համայնքային ենթակայության, պետական կազմակերպությունների գրասենյակային կարիքները:

Ավելին ս/թ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած Գորիսի ավագանու նիստի օրակարգում չի ներառվել և չի քննարկվել միայն ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից ներկայացված տարածքի վարձակալման պայմանագրի երկարաձգման դիմում-նամակը: Մնացած դիմումները քննարկվել և հաստատվել են ավագանու նիստում:

Գորիսի քաղաքային համայնքում գրանցված է շուրջ 60 Քաղաքացիական հասարակական կազմակերպություն/ՔՀԿ, որից երկու տասնյակն ակտիվ գործունեություն է ծավալում տարածաշրջանում: Նրանց ջանքերով Գորիս համայնքում վեր են հանվել համայնքային նշականության հիմնախնդիրներ, ուրվագծվել դրանց լուծման հնարավորությունները, իրականացվել են համայնքային տարբեր միջոցառումներ: Ծավալած ակտիվ գործունեության ընթացքում ՔՀԿ-ներն ակտիվորեն համագործակցել են Տեղական ինքնակառավարման մարմինների/ՏԻՄ, համայնքում գործող համայնքային այլ կազմակերպությունների հետ: ՔՀԿ-ները միշտ էլ բաց են եղել ՏԻՄ-երի հետ համագործակցության գործընթացում՝ ակնկալելով նրանց աջակցությունը համայնքային նշանակության խնդիրների լուծման գործում:

ՀՀ-ի այլ քաղաքային համայնքներում ՀԿ-ները ստանում են անվճար տարածքներ իրենց գործունեությունը ծավալելու համար, մեր քաղաքի պարագայում նույնիսկ օրինական վարձակաման պայմանով գրասենյակ զբաղեցնելու հնարավորություններն աստիճանաբար նվազում են ՀԿ-ների համար:

ՀԶԱՑ-ն ու ՄԻՊ մարզային կենտրոնն իրենց մտահոգությունն են հայտնում Գորիսի համայնքային իշխանությունների կողմից ԻՏԵԿ ՀԿ-ի նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի նկատմամբ և կոչ են անում համայնքի ղեկավարին ու ավագանուն ԻՏԵԿ ՀԿ-ի կողմից ներկայացված դիմում-նամակը ներառել ավագանու հերթական նիստի օրակարգում և բավարարել տարածքի վարձակալման պայմանագրի երկարաձգման ՀԿ-ի պահանջը: