19.4.16

2016թ. փետրվար-մարտ ամիսներին Սյունիքի մարզի դատարաններում զինծառայողների վերաբերյալ դատական գործերի վիճակագրություն

Անվճար իրավական օգնություն զինծառայողներին ծրագրի շրջանակներում սկսվել են մոնիթորինգային խմբերի աշխատանքները դատարաններում: Ըստ datalex.am կայքի փետրվար-մարտ ամիսներին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Կապան) նշանակված է եղել 106 դատական գործ, իսկ Գորիս քաղաքում՝ 10 դատական գործ: Նշված ժամանակահատվածում քննված գործերի 39.13%-ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածին, այն է՝ պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, իսկ գործերի 29.35%-ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածին, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում: Գործերի 31.52%-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 363-1, 177, 360-1, 364-1, 364.2-1, հոդվածներին: Նախնական վերլուծությունների արդյունքում պարզ է դառնում, որ զորամասերում գերակշռում են վերադասի և զինծառայողների միջև միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրները:





ՀՀ քր. օր. հոդված 358. Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը(վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն) Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով...

ՀՀ քր. օր. հոդված 359. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում(վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն)Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով...

ՀՀ քր. օր. հոդված 363. Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը:

1. Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն` պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով...

ՀՀ քր. օր. հոդված 364. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը
1. Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով...

ՀՀ քր. օր. հոդված 177. Գողությունը ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի ուղղ. հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով...

www.arlis.am