22.2.18

Սյունիքի մարզի համայնքներում քաղաքացիները իրազեկվում են անվճար իրավաբանական օգնության տրամադրման մասին


Ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ շատ են այն քաղաքացիները, ովքեր ներգրավված են քաղաքացիական կամ քրեական դատական գործերում և մտնում են անվճար իրավաբանական օգնության իրավունք ունեցող քաղաքացիների թիրախային խմբերից որևէ մեկի մեջ, սակայն չեն օգտվում իրենց իրավունքից՝ պետության կողմից իրենց համար նախատեսված անվճար իրավաբանական օգնությունից։ Այս իրավիճակի պատճառները տարբեր են, այդ թվում՝ վերոնշյալ ոլորտի մասին տեղեկատվության անմատչելիությունն ու քաղաքացիների իրազեկվածության խնդիրը։
Հաշվի առնելով քաղաքացիներին՝ իրենց իրավունքի վերաբերյալ իրազեկելու անհրաժեշտությունը, Սյունիքի մարզի Գորիս, Շինուհայր, Տաթև, Տեղ, Սիսիան և Կապան համայնքներում և դրանցում ընդգրկված բնակավայրերում «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն 2018թ փետրվար ամսում տեղադրում է անվճար իրավաբանական օգնության վերաբերյալ տեղեկատվական ցուցատախտակներ։
Ցուցատախտակներում զետեղված է տեղեկատվություն անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների թիրախային խմբերի, անվճար իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմների, կարգի և դատարանում քաղաքացիների շահերի պաշտպանության իրականացման անհրաժեշտ քայլերի մասին, Սյունիքի մարզում գործող հանրային պաշտպանների գրասենյակների հասցեները, հեռախոսահամարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարը։ Ցուցատախտակներում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի և կզետեղվեն նաև օրենքի պարզաբանումներ։
Ցուցատախտակները տեղադրվում են «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագրի շրջանակներում։
Ի դեպ, «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում գրասենյակ դիմած քաղաքացիներին։ Այս ծրագրի շրջանակներում կտրուկ մեծացել է գրասենյակ դիմած քաղաքացիների թիվը։ Գրասենյակ են դիմել նաև Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ և ստացել են համապատասխան իրավաբանական օգնություն։
«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» և «Գորիսի Մամուլի Ակումբ» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։