23.5.18

Դատավորն արգելում է լրագրողին լուսանկարել, ասելով, որ նախապես պետք է դիմում ներկայացնել


Անահիտ Բաղդասարյան
Աննա Սահակյան
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կապանի նստավայրում մայիսի 4-ին նշանակված էր քաղաքացիական  գործով 39 դատական նիստ, որից 8-ի դատավորը Սամվել Գրիգորյանն էր, իսկ 31-ը նշանակվել  էր դատավոր Անահիտ Թումանյանի կողմից :
Ժամը 10:00-ից մինչև  11:00-ն նշանակված էր 12 դատական նիստ: Այսինքն, յուրաքանչյուր 5  րոպե պարբերականությամբ դատական նիստ պիտի կայանար:  Դատական բոլոր գործերը վերաբերում էին գումարի բռնագանձման:  Ժամը 11:00-ից մինչև  12:00-ն պետք է կայանար 7 դատական նիստ: Այս ժամանակահատվածի դատականի նիստերը նշանակված էին 5-10 րոպե պարբերականությամբ: Ժամը 10:50-ից գտնվում էի 1-ին դահլիճում, որտեղ, ըստ www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի, պետք է տեղի ունենար Անահիտ Թումանյանի գլխավորած դատական 31 նիստերը, սակայն մինչև ժամը 12:00-ն ոչ մի դատական նիստ չկայացավ:

Հարցին, թե ինչու դատական նիստ չի կայանում, դատարանի աշխատակիցները նշեցին, որ կողմերը չեն ներկայացել, իսկ ավելի ուշ նույն հարցին դատավոր Անահիտ Թումանյանը պատասխանեց, որ «դատական նիստերը կայացել են այլ դահլիճում, առանց կողմերի ներկայության», ինչը հակասում էր  դատարանի աշխատակիցների խոսքին:
Հիշեցնենք, որ www.gorispress.am կայքի իրականացրած Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործերով մարտ ամսվա դատական նիստերի ուսումնասիրության, ամենամեծ թվով  դատանական նիստ ունեցել է Կապանի նստավայրի դատավոր Անահիտ Թումանյանը՝ 200 :
Նույն օրը Ժամը 12:00-ին նշանակված հերթական դատական նիստը սկսվեց, ներկայանալով  որպես լրագրող, դատարանից թույլտվություն խնդրեցի դատական նիստի ընթացքում լուսանկարահանելու համար: Սակայն դատավոր Ա. Թումանյանը, մերժեց՝ նշելով, որ նախապես  դատարանին պետք է դիմում ներկայացնեի լուսաբանելու համար, ասելով նաև, որ իբր դատական նիստի ընթացքում դահլիճից խոսելը դատավարական կարգի խախտում է:  
Անահիտ Թումանյան
Անահիտ Թումանյան
Դատական նիստի ավարտից հետո դատավոր Անահիտ Թումանյանից խնդրեցի մեկնաբանել դատավարական կարգի խախտման մեջ ինձ մեղադրելու հիմնավորումները:
«Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն այս մասով կարծես թե թերի է և՛ հինը և՛ նորը: Դատական նիստին թույլատրվում է լուսանկարահանել, տեսանկարահանել, եթե դատարանը թույլատրում է: Բայց դատավարության օրենսգիրքը չի նախատեսում միջնորդության ներկայացման ընթացակարգը: Թվում է, թե մնացած բոլոր գործողությունների համար հստակ ընթացակարգ կա: Օրինակ, ինձ համար հարց է ծագում. եթե թույլատրվում է , միջնորդությունը ով պետք է անի :  ԶԼՄ-ի ներկայացուցիչը ո՞ր օրենքով իրավունք ունի դատական նիստը սկսած, նիստը ընդհատել ու ներկայացնել իր պահանջը: Ես էլ պետք է նիստս թողնեմ ու սկսեմ դահլիճում գտնվող անձի հետ զրուցել: Այս գործողությունը դատավարական կարգի մեջ տեղավորելը խնդիր է մեր օրենսգրքով:
Այս տեսակետից ելնելով ես գտնվում եմ, որ այս խնդիրը լուծելու մի տարբերակ կա. երբ նշված հասարակական կազմակերպությունը, ԶԼՄ-ն, նշված անձը, ով, ըստ  իրեն,  ունի այդ իրավասությունը, դիմում է գրում, նախապես ներկայացնում դատարան, աշխատակիցներն էլ նախապես ներկայացնում է դատական նիստերի քարտուղարին, ով կցում է դատական գործին: Ես էլ երբ նիստը սկսեմ, պարտավոր եմ հայտարարել, որ դատական նիստը լուսաբանելու միջնորդություն կա և կլսեմ կողմերի կարծիքը և ըստ դրա, կկայացնեմ որոշում»,-իր որոշումը այս կերպ պարզաբանեց դատավոր Անահիտ Թումանյանը:
Ստեղծված իրավիճակը փաստաբան Գրիշա Բալասանյանը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Նախապես դիմում ներկայացնելու պատճառաբանությամբ  լուսանկարահանումն արգելելը խոչընդոտում է լրագրողի մասնագիտական օրինական աշխատանքը»:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն, մասնակիցներ են՝ գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, վկան, փորձագետը, մասնագետը, թարգմանիչը, իրավասու անձինք և մարմինները` օրենքով նախատեսված դեպքերում:  
 «Պատահական չէ, որ օրենսդիրը կիրառել է նաև «նիստին ներկա» հասկացությունը, որը վերաբերում է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին», — նշեց Գ. Բալասանյանը և շեշտեց նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը, ըստ որի, գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկաներն առանց դատարանի թույլտվության իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն: Իսկ դատական նիստի կամ դրա մի մասի կինո և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են դատական նիստի բացումից հետո գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:
«Այստեղ խոսք չկա նախապես դիմում ներկայացնելու մասին և տրամաբանական էլ չէ, որ լրագրողը պետք է նախապես դիմում գրի: Իսկ եթե լրագրողը նիստը սկսվելուց 5 րոպե առաջ է տեղեկանում, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող գործ է քննվում, ինչպե՞ս կարող էր նախապես գրավոր դիմել: Ստացվում է, որ լրագրողը չպետք է այդ նիստը պատշաճ լուսաբանի, քանի որ նախապես գրավոր չի տեղեկացրել»,- հավելեց փաստաբանը:
Ա. Թումանյանի նկարը http://helpcourt.am կայքից 
_____________________________________________________________________________________
Снимок
«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։
Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: