23.5.18

Հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության մասին

Անահիտ Գրիգորյան
Հարցազրույց լրագրող, դատաիրավական ոլորտի փորձագետ Սառա Պետրոսյանի հետ
Ձ
եր կարծիքով, անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց ցանկն ընդլայնելուանհրաժեշտություն կա՞
Անվճար իրավաբանական օգնություն ստացողների ցանկը «Փաստաբանության մասին» օրենքով բավականին ընդլայնված է: Ցանկում ներառվել են Հայաստանի կառավարության ընդունած չափորոշիչներով սոցիալապես անպաշտպան եւ անվճարունակ ճանաչված բոլոր խավերը եւ ոչ միայն նրանք: Քաղաքացու իրավական վճարունակության կամ անվճարունակության հարցը սոցիալական աղքատության չափորոշիչով չի կարող պայմանավորվել: Իրավական օգնությունն անհամեմատ թանկ է, եւ անվճարունակների շրջանակն օրենքով սահմանելիս ավելի լայն է եղել մոտեցումը, քան նվազագույն զամբյուղի հաշվարկը: Նույնիսկ անվճարունակությունը փաստարկելու պահանջը շատ խիստ չի դրված, որպեսզի ավելի մեծ թվով մարդկանց իրավական օգնության հնարավորություն տրվի: Որքան գիտեմ, հանրային պաշտպանի (ՀՊ) գրասենյակն ընդառաջում է բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիները դիմում են նրանց, անգամ անվճարունակությունը փաստարկող ոչ բավարար փաստաթղթեր ունենալու դեպքում: Սա արդեն այն դեպքն է, երբ, ինչպես ասացի, աղքատության չափորոշիչների բալային սանդղակով աղքատ չեն համարվում, բայց իրավական անվճարունակության սանդղակում են:
Կարծրատիպ կա, որ հանրային պաշտպանն այդքան էլ վստահելի չէ, ի՞ նչ կասեք այս մասին:
Ձեր նշած կարծրատիպը ես չէի վերագրի հանրային պաշտպանությանը, որպես ինստիտուտ: Սա անհատի գործոնով է պայմանավորված: Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատում են փաստաբաններ, որոնք շատ բանիմաց են, լավ մասնագետներ են եւ իրենց մասնագիտական որակն ու հեղինակությունը պահպանելը շատ կարեւոր է նրանց համար: Մյուս կողմից, այս գրասենյակում հավաքված են մարդիկ, հատկապես մարզերում, որոնք փաստաբանություն են եկել այլ համակարգերից՝ քննչական, դատախազական, դատական եւ իրենց էությամբ փաստաբան չեն:

Նրանց ընկալումներում հանրային պաշտպանի գրասենյակը մասնագիտական թոշակի անցնելուց հետո լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն է: Հետեւաբար, իրենց գործունեության ընթացքում շարունակում են պահպանել նախկին մասնագիտության մեջ ձեռք բերած հմտությունները եւ ավելի շատ հանդես են գալիս որպես քննիչ կամ դատախազ, քան թե փաստաբան: Դրան էլ եթե հավելենք կոռուպցիոն դրսեւորումներով ի հայտ եկող առանձին դեպքերը, միանգամայն բավարար է, որպեսզի հանրությունն անվսահություն ունենա այս ինստիտուտի հանդեպ՝ աչքի առջեւ ունենալով այն հանրային պաշտպանին, որի հետ ինքը շփվել է:
Վերջին տարիներին Փաստաբանների պալատը ձգտում է ՀՊ գրասենյակը համալրել երիտասարդ, նորավարտ փաստաբաններով, որն ամենաճիշտ մոտեցումն է: Այդպես են վարվում նաեւ աշխարհի շատ երկրներում՝ երիտասարդներն այստեղ պետք է աշխատեն, մասնագիտական փորձառությունից եւ հմտությունից զատ, կամավոր աշխատանք կատարելով, իրավապաշտպանություն իրականացնելով մարդկային դրական որակներ ձեռք բերեն: Սակայն, տեղյակ եմ նաեւ, որ երիտասարդները չեն ցանկանում մարզերում աշխատել, որի պատճառով էլ մարզային բնակչության շրջանում այս գրասենյակի նկատմամբ ձեւավորված բացասական վերաբերմունքը չի փոխվում: Խնդիրը կադրերն են եւ, թերեւս, վերահսկողության բացակայությունը:
Այն ծանրաբեռնվածությունը, որ ունեն այսօր հանրային պաշտպանները, արդյո՞ք մեծ չէ:
Իսկապես, հանրային պաշտպանները գերծանրաբեռնված են աշխատում: ՀՊ գրասենյակի վիճակագրությունը փաստում է, որ այդ ծանրաբեռնվածությունը տարեց-տարի ավելանում է: Եթե նախկինում մեկ հանրային պաշտպանը տարեկան վարել է 20-35 գործ, ներկայում՝ 49-79 գործ է յուրաքանչյուրին բաժին ընկնում: Օրինակ, 2016 թ·-ին 54 հանրային պաշտպաններ վարել են 5264 գործ, ինչը նշանակում է, որ մեկ հանրային պաշտպանին բաժին է հասել մինչեւ 79 գործ:
Բնականաբար, նման ծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չէ որակ ապահովել: Այս իրավիճակում պաշտպանները, կամա թե ակամա, իրենք էլ դառնում են իրավունքը խախտողներ: Նրանք ֆիզիկապես չեն կարողանում մեկ օրում մասնակցել մի քանի դատական նիստերի, որոնք տեղի են ունենում տարբեր դատարաններում, չեն կարողանում պատրաստվել դատավարություններին՝ պատշաճ պաշտպանություն իրականացնելու համար: Այդ իրավիճակում կամ՝ հարկադրված են լինում պարզապես ֆիզիկական ներկայությամբ ապահովել դատաքննության բնականոն ընթացքը՝ այսինքն, պարզապես ներկա են գտնվում, որպեսզի դատական նիստը չհետաձգվի, կամ՝ չեն ներկայանում, եւ դատավորը հարկադրված է լինում հետաձգել դատական նիստը: Երկու դեպքում էլ խախտվում է քաղաքացու արդյունավետ դատաքննության իրավունքը, ողջամիտ ժամկետներում դատաքննության իրականացման իրավունքը եւ այլն:
Փաստաբանների պալատի ղեկավարությունը բավարար չի համարում ՀՊ գրասենյակին հատկացված 54 հաստիքը, սակայն նույն մոտեցումով դատական համակարգի ղեկավարությունը բավարար չի համարում դատավորների հաստիքները, քանի որ դատական գործերի թիվն անընդհատ աճում է: Սա չափազանց լուրջ եւ համակարգային խնդիր է, որի լուծումն, իմ համոզմամբ, հաստիքներն անվերջ ավելացնելը չէ: Պետք է իշխանության մյուս ճյուղերը նույնպես աշխատեն, որպեսզի քաղաքացին ամեն փոքր հարցով չդիմի դատարան: Դատական պաշտպանությունը բոլոր երկրներում էլ թանկ հաճույք է: Այն պետք է չափազանց մատչելի լինի հանրության բոլոր շերտերին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ոչ մեկի դատական պաշտպանության իրավունքը չխախտվի, միաժամանակ, դատարանների դերն այնքան չպետք է նսեմացվի, որ իրավունքի վեճեր լուծելու փոխարեն նրանք վերածվեն տուգանքներ գանձող հիմնարկության: Մինչդեռ, մեր ունեցած դատական համակարգն այդպիսին է այսօր, իր իսկ ամփոփած վիճակագրությամբ:  
Հանրային պաշտպանների ներգրավվածությամբ դատական գործերի հաջողությունների մասին կա՞ն տվյալներ:
Հանրային պաշտպանի գրասեյակը նաեւ ձեռքբերումների վերաբերյալ վիճակագրություն ունի՝ արդարացման դատավճիռներ են կայացվում հանրային պաշտպանների մասնակցությամբ գործերով, նախաքննության շրջանում քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դրական ցուցանիշներ կան, քրեական գործեր են կարճվել, կալանքի որոշումներ են բողոքարկվել եւ բավարարվել են, գրավի կիրառման են հասել, պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ այլն: Սակայն, չենք կարող ասել, որ դրանք բավարար արդյունք են, որովհետեւ հարյուրավոր, գուցեեւ հազարավոր գործերով պաշտպանական գործողություններ չեն իրականացվում՝ հիմնավորված միջնորդություններ չեն ներկայացվում, դատավորի որոշումները կամ դատական ակտերը չեն բողոքարկվում հենց բավարար ժամանակ չունենալու պատճառով:
Կա՞ն հետաքրքրություններ փաստաբանների մոտ ապագայում հանրային պաշտպան դառնալու:
Փաստաբանների պալատը, թափուր տեղեր ունենալու դեպքում մրցույթ է հայտարարում՝ գրասենյակը փաստաբաններով համալրելու համար: Սակայն, երիտասարդ փաստաբանները, հիմնականում, Երեւան քաղաքում են ուզում աշխատել: Հեռավոր մարզերում ընդհանրապես չեն ցանկանում աշխատել, հաշվի առնելով նաեւ մարզի տարածքում տեղաշարժվելու դժվարությունները եւ դրա հետ կապված լրացուցիչ ծախսերը: Նաեւ մարզերում առկա բարքերը, նկատի ունեմ մարզային իրավապահ կառույցների եւ դատավորների միջեւ ձեւավորված արատավոր համագործակցությունն է նրանց խուսանավելու պատճառը: Այդպիսի  պայմաններում աշխատելը չափազանց դժվար է, գրեթե անհնարին, եթե նրանց համախոհը դառնալու մտադրություն չունես: Նրանք ավելի շատ ձգտում են հիմնավորվել Երեւանում եւ կայանալ այստեղ, քանի որ մայրաքաղաքում իրավապահներին այդքան էլ հեշտ չէ օրենքի կոպիտ խախտումները թաքցնելը, դրանք աննկատ չեն մնում: Բացի այդ, այստեղ նրանք ունեն լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների աջակցությունը:
Այս իրավիճակից շահում են այն անձինք, ովքեր իրավապահ մարմիններում եւ դատական համակարգում իրենց աշխատանքային կարիերան ավարտելուց հետո վաստակած <հանգստի> են անցնում՝ տեղավորվելով փաստաբանությունում: Բնականաբար, նրանց գործունեությունը չի կարող գոհացնել բնակչությանը:
Փաստաբաններն, ովքեր հանրային պաշտպան են նաեւ, կարծես թե խուսափում են մարդկանց իրազեկել, որ իրենք նաեւ անվճար պաշտպանություն են իրականացնում:
Այո, ճիշտ եք նկատել, որ կես հաստիքով հանրային պաշտպան ներգրավված փաստաբանները չարաշահում են այդ հանգամանքը: Ինքս մի քանի ուսումնասիրություն եմ իրականացրել հանրային պաշտպանների շրջանում, այդ թվում նաեւ Սյունիքի մարզում, որի ժամանակ չարաշահումների բազմաթիվ դեպքեր են ի հայտ եկել: Մասնավորապես, հանրային պաշտպանները գումարներ են գանձել բնակիչներից՝ օգտվելով իրենց գործունեության մասին բնակչության անտեղյակությունից: Բացի այդ, աշխատավարձ են ստանում ոչինչ չանելով՝  վճարովի իրականացրած գործերը Հանրային պաշտպանի գրասենյակին ներկայացնում են որպես անվճար փաստաբանական գործունեություն եւ այլն:
Ընդանրապես հանրային պաշտպանները շահագրգռված չեն գործերի քանակի ավելացումով, քանի որ վարձատրվում են դրույքաչափով եւ նույն  գումարն են ստանալու ե՛ւ 10 գործ վարելու դեպքում, ե՛ւ 20 գործ ունենալու դեպքում:  Ինքս մի քանի մարզում հանրային պաշտպանների գործունեության մասին իրազեկելու ծրագրեր եմ իրականացրել: Նպատակս այն էր, որ բնակչությունը տեղեկանար պետության կողմից անվճար իրավաբանական օգնություն ստանալու շրջանակի եւ կարգի մասին: Որպեսզի հանրային պաշտպանների չարաշահումները լայնածավալ բնույթ չկրեին, անհրաժեշտ էր լայնածավալ իրազեկում իրականացնել ողջ հանրապետության բնակչության համար: Ցավոք, պետականորեն դա չարվեց՝ նկատի ունենալով հանրային պաշտպանների առանց այդ էլ ծանրաբեռնված լինելը, սակայն դա ճիշտ չեմ համարում: Անցնող տարիներին կազմակերպությունները մոնիտորինգ էին իրականացրել կալանավայրերում եւ պարզվել էր, որ հանրային պաշտպանների ծառայությունից օգտված դատապարտյալների մեծ մասը վճարել է նրանց: Գովազդային հոլովակներով, գոնե հանրությանը կարելի էր տեղեկացնել, որ հանրային պաշտպաններին պետությունն է վարձատրում:
Снимок
«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: