23.5.18

Մեղադրյալը պնդում է, որ գործի քննության ձգձգման պատճառով ինքը շարունակում է մնալ անազատության մեջ

Ամբաստանյալ Դավիթ Համբարձումյանը, երեք տարի գտնվելով նախնական կալանքի տակ` ցուցմունք տալու ժամանակ հայտնեց, որ մինչ նրա ճակատագիրը որոշվում է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում, երկրում հասցրել են երեք վարչապետ փոխել: Նա պատրատվում է Կարեն Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին ուղղված նամակներն ուղղարկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ «2015 թվականից հարուցված գործի քննությունը  ձգձգվում է և ինքը  գտնվում է «՚Գորիս» քրեակատարողական հիմնարկում:
Սույն գործի ընթացքում, վարչապետերից բացի,  փոխվել են նաև նույն թվով դատավորներ: Ներկա պահին գործը քննում է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Դավիթ Սարգսյանը: Ըստ www.datalex.am կայքի` սույն գործով վարույթն ընդունվել է 2017 թվականի մարտի 14-ին:«Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով գույքի, նյութական արժեքների տնօրինման, կառավարման լիազորություններով, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է մոտ 4 մլն ՀՀ դրամ արժողությամբ անվադողեր, հանդերձանք, կատարել պաշտոնական կեղծիք: Դ. Համբարձումյանի հետ միասին մեղադրյալի աթոռին են նստել նաև Ռադիկ Օհանյանը` ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմել է կեղծ ֆակտուրաներ, ինչպես նաև Սիրվարդ Մինասյանին, Ժաննա Պողոսյանին, Էդգար Համբարձումյանին` կեղծ ելքի ֆակտուրաներ կազմելու համար: Վերջիններիս դատարանը` որպես խափանման միջոց, կիրառել է ստորագրություն չհեռանալու մասին:

Սույն քրեական գործով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի և Կապանի նստավայրերում նշանակվել է 31 դատական նիստ, որից 16-ը` Գորիսի նստավայրում, վերջինից  չի կայացվել միայն մեկը:
Դատավարությանը ներգրավված 5 մեղադրյալների շահերը դատարանում ներկայացնում են 4 պաշտպան, որից երկուսը հանրային պաշտպաններ են՝ Կարմեն Սահակյանը, ով պաշտպանում է մեղադրյալ Ժաննա Պողոսյանի շահերը և Ռուբիկ Ղազարյանը՝ ամբաստանյալ Դ. Համբարձումյանի փաստաբանը:
gorispress.am կայքին տված հարցազրույցում Ռուբիկ Ղազարյանն ասաց, որ թեև հանրային պաշտպան է, սակայն սույն քրեական գործով ներգրավված է` որպես փաստաբան, քանի որ գործի հարուցման ժամանակ` հանրային պաշտպանի լիազորություններ չուներ:
Մայիսի 10-ին տեղի ունեցած դատական հերթական նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով, պատճառը`ամբաստանյալների` դատարան ուշ ներկայանալն էր: Երեք ժամ տևած դատական նիստում ամբաստանյալ Դավիթ Համբարձումյանը հանգամանորեն ցուցմունք տվեց նշելով` որ իրականությունն այն է, ինչ կներկայացնի այսօր: Ցուցմունքի ժամանակ ամբաստանյալն ավելի շատ անդրադարձավ նախորդ նիստերի ժամանակ այդքան շահարկված ավտոմեքենայի, մասնավորապես, անվադողերի ձեռքբերմանը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, ավտոմեքենաների խմբաքանակ ներկրելով  Հայաստան, այն անհատույց նվիրաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Մեքենաներից մեկը նախարարությունը տրամադրում է Սյունիքի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին: Մարզպետարանի «հաշվեկշռում տեղ չլինելու պատճառով»` մեքենան առանց հաշվառվելու է մնում: 2013 թվականի վերջին մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետ Նաիրա Ավանեսյանի առաջարկով /հետո արդեն Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ/ ու այն ժամանակ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի միջնորդությամբ, մեքենան նվիրատվության կարգով, տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ին: Ավտոմեքենան` որպես գույք, ժամանակավորապես, մինչև հաշվառվելը, պետհամարանիշ ստանալը, շահագործվում է հաստատության կարիքների համար:
«Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի խոսքով`մեքենայի սպասարկման համար անհրաժեշտ ծախսերն իրականացվում էր կրթօջախի արտաբյուջեից, քանի որ այլ պետական կառույցում մեքենայի ծախս նախատեսված չէր: Ուստի տնօրինությունն անհրաժեշտությունից ելնելով` մեքենայի համար ձեռք է բերում ամառային և ձմեռային անվադողեր, մարտկոց:
2014 թվականից գիշերօթիկ դպրոցի տնօրեն նշանակված Դավիթ Համբարձումյանն առանց կասկածելու անգամ, որ առաջիկայում լուրջ խնդիրներ կունենա իրավապահ մարմինների հետ, կատարում է իր` օրենքով նախատեսված լիազորությունները: Վերջինիս, 2015 թվականի փետրվարի 4-ին Կապանի Ոստիկանության բաժնից հայտնում են հնարավոր  յուրացման մասին:
Դատավարության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ ամբաստանյալը, ի պաշտպանություն իրեն, ասաց. «Եթե ես կատարել եմ յուրացում, ինչու հետաքննության 10-15 օրերի ընթացքում չձերբակալեցին: Սկզբում ասում են, որ իբր ոմն մեկն իրավապահներին ասել էր, որ կատարել եմ շինարարական նյութերի, հետո հաստատության սխալ փոխանցումների, հետո մեքենայի ավտոպահեստամասերի յուրացում: Մինչդեռ հաստատության կառավարման համակարգը վերահսկող ֆինանսատնտեսական գծով փոխտնօրենը ևս պետք է պատասխանատվություն կրեր, իսկ նա ի զարմանս ինձ, մեղադրյալի կարգավիճակից հայտնվեց վկայի»:
Ֆրունզե Հովհանիսյան
Ֆրունզե Հովհանիսյան
Ամբաստանյալի խոսքով` ինչպես է ստացվել, որ վկաների ցուցակում չեն հայտնվել հաստատության ընդհանուր հարցերով փոխտնօրենը, ավագ դաստիարակը, դայակը, սոցիալական աշխատողը, ովքեր երեխայի խնամքի և դաստիարակության հիմնական պատասխանատուներն են: Այդպիսով Դ. Համբարձումյանը հայտնեց դատարանին իր անվստահությունը մեղադրող կողմին` Սյունիքի մարզի Կապանի դատախազության ներկայացուցիչ` Ֆրունզե Հովհաննիսյանին: «Եթե բազմակողմանի քննություն լիներ, ապա նրանք ևս կներգրավեին գործում»,-հավելեց նա:
Անդրադառնալով հանդերձանքի յուրացմանը` նախկին տնօրենը նշեց, որ գործում առկա է թյուրիմացություն. հաստատության այլ միջոցառման նպատակով նախատեսված հանդերձանքը գործում ներկայացվել է որպես հաստատության կողմից հատկացվող հանդերձանք:
Ամբաստանյալը դժգոհություն հայտնեց այն բանի համար, թե ինչու իրենց հաստատության ֆինանսական շարժը, աշխատողների հաստիքացուցակը, անհատական գործերը ստուգելու համար Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունը դիմել է Սյունիքի մարզպետարան: Դա այն դեպքում, երբ հաստատությունը գտնվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ:
Այնուամենայնիվ, մարզպետարանը, կատարելով ներքին աուդիտ, պարզում է, որ պետական կառույցի հաշվեկշռում առկա է 3 մլն-ից ավելի պակասորդ: Կրկին իրավապահ մարմիններին արտահայտելով դժգոհություն`մեղադրյալը հայտնեց, որ սույն քրեական գործի շրջանակներում երկու անգամ միջնորդություն է ներկայացրել` Ռադիկ Օհանյանի հետ առերեսման համար, սակայն մերժվել է:
Ամբաստանյալին լսելուց հետո, մեղադրող կողմը մեղադրյալին հարցրեց, թե նա արդոք իր պարտականությունները կատարել է բարեխղճորեն, վերջինս հրաժարվեց պատասխանել: Հարց հնչեց այն մասին, թե ինչու է ամբաստանյալը ձմեռային անվադողեր ձեռք բերել ապրիլ ամսին, արդյոք կար դրա անհրաժեշտությունը:
Ամբաստանյալի շահերը պաշտպանող փաստաբան Ռուբիկ Ղազարյանը, թերևս առաջին անգամ, մասնակցեց երկխոսությանը` ոչ կոռեկտ համարելով մեղադրողի`«Ուզում եմ պարզել ամբաստանյալից, երբ է ճիշտ խոսում, երբ` ստում», խոսքը:
Ֆ. Հովհաննիսյանը տեսնելով հակասություններ նախորդ և ներկա ցուցմունքների միջև` միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի հրապարակվի նախորդ ցուցմունքները, սակայն ամբաստանյալի շահերը պաշտպանող Ռ. Ղազարյանն առարկեց`ասելով, որ չկա անհրաժեշտություն:
Դատարանը որոշեց չհրապարակել նախորդ ցուցմունքները, քանի որ մյուս կողմերը ևս դեմ էին: Ամբաստանյալն իր ցուցմունքում նշեց, որ ցանկանում է հրապարակել միայն քրեական գործում առգրավված փաստաթղթերից` հանդերձանքի մասով հանձնման-ընդունման մատյանը:
Դատավոր Դավիթ Սարգսյանը  65 թերթից բաղկացած կանաչ մատյանից կարդաց 2014 թվականի հունվարի 16-ից մինչև տարեվերջ հանդերձանք հանձնված այն երեխաների անուն-ազգանունները, ովքեր ստացել էին ապրանքները:
Ռ. Ղազարյանի խոսքով` սա ևս փաստ է, որ կրթօջախի սաները ստացել են ապրանքների գերակշիռ մասը: Նրան հակադարձեց մեղադրողը` ասելով, որ ընթերցվեց 2014 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածը, այնինչ մեղադրական եզրակացությունում նշված է սեպտեմբեր ամիսը, իսկ երեխաներից ստորագրություն ձեռք բերելը մեծ բարդություն չէ:
Այնուհետև, Սյունիքի մարզի Կապանի դատախազության ներկայացուցիչ Ֆրունզե Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց. առաջադրված մեղադրանքը փոփոխել և նոր մեղադրանք առաջադրել:
Քանի որ մեղադրանքը փոխվելու դեպքում, դատարանը պարտավոր է ժամանակ հատկացնի, որպեսզի մեղադրյալ կողմն ու իրավապաշտպանը ծանոթանան նոր առաջադրված մեղադրանքին,  ուստի նիստը հետաձգվեց:
Նախնական որոշմամբ` հաջորդ նիստերը տեղի կունենան հունիսի 1-ին` ժամը 2:30-ին և հունիսի 6-ին` ժամը 11:00-ին:
Снимок
«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։
Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: